Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ճակատային խրոնիկա

Ճակատային խրոնիկա
12.08.2008 | 00:00

Երեկ վրաց-օս-աբխազական հակամարտության շրջանում իրականացվող ռազմական գործողությունները, ռուսական աղբյուրների ներկայացմամբ, ավելի են թուլացրել վրացական դիրքերը։ Ռուսական «ՈՒտրո» պարբերականի պնդմամբ, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Նագովիցինը երեկ հաստատել է, որ ռուսական զորքերը և Հարավային Օսիայի զինվորական ստորաբաժանումները սկսել են «վրացական շրջապատված զորամասերի զինաթափման գործողություն»։ Ռուս գեներալի պնդմամբ, շրջապատման մեջ են հայտնվել զգալի թվով վրացական զորամասեր, որոնց զինվորները, այլ ելք չտեսնելով, գերի են հանձնվում։
Միաժամանակ Նագովիցինը հերքել է, թե ռուսական օդուժը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական նշանակության օբյեկտներին, այլև քաղաքացիական հաստատություններին. «Հարվածները հասցվում են միայն ռազմական թիրախներին։ Մենք չենք ռմբակոծել ո՛չ Թբիլիսին, ո՛չ միջազգային օդանավակայանը, ո՛չ Վրաստանի տարածքի այլ բնակավայրեր»։ Միաժամանակ Նագովիցինը հայտարարել է, թե հրադադարի պայմանագիրը, որի նախագիծը Մոսկվա է բերվել Վրաստանի նախագահի ստորագրությամբ, կեղծ է, քանզի վրացական օդուժը շարունակել է Հարավային Օսիայի տարածքին հարվածելու փորձերը։ Խփվել է մեկ վրացական ռազմական ինքնաթիռ, ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում Հարավային Օսիան շրջապատող բարձր հեռահարության վրացական կրակակետերը ոչնչացնելու ուղղությամբ։ Միաժամանակ Նագովիցինը հաստատել է այն տեղեկությունները, թե վրացական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խփել ևս երկու ռուսական ինքնաթիռ։
Աբխազական ճակատում զարգացող գործողությունների հետ կապված՝ Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի պետը հաստատել է այն տեղեկությունները, թե ռուսական զորքերն արդեն գործողություններ են իրականացնում Սենակի ռազմաօդային բազայի շրջանում, որը վրաց-աբխազական շփման գծից 40 կիլոմետրի վրա է։ Նագովիցինը նշել է, որ Ռուսաստանի սևծովյան նավատորմը կոչնչացնի վերջրյա, ստորջրյա և օդային բոլոր այն օբյեկտները, որոնք կհայտնվեն նրա գործունեության դաշտում՝ Աբխազիայի սահմանը հատելու ակնհայտ միտումով կամ ռուսական էսկադրային վնաս հասցնելու նպատակով։ Աբխազական աղբյուրներն իրենց հերթին հերքել են Զուգդիդին գրավելու մասին վրացական աղբյուրների տարածած լուրերը։
Երեկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների հետ այցելել է Գորի։ Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Շոթա ՈՒտիաշվիլու պնդմամբ, այցի պահին օդում հայտնվել է երկու ռուսական ռազմական ինքնաթիռներ, և Սաակաշվիլու թիկնազորը Վրաստանի նախագահին ու Ֆրանսիայի արտգործնախարարին փոխադրել է անվտանգ տեղ։ Վրաստանի՝ հրադադար հաստատելու առաջարկության վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Բորիս Մալախովը հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես նա նշել է. «Վրաստանը պետք է վերադառնա բազային համաձայնագրերի ռեժիմի դաշտ, որոնք ստորագրվել են 1992-94-ին։ Սաակաշվիլին իր գործողություններում անցել է հնարավորի սահմանը, և ամբողջ պատասխանատվությունը նրա ուսերին է։ Մենք չենք այս ամենը սկսել, և երբ վրացական զորքերը հեռանան հակամարտության գոտուց անհրաժեշտ տարածության վրա, այն ժամանակ մենք կմտածենք մեր ռազմական ներկայության աստիճանը փոխելու մասին։ Իհարկե, մեղավորները պետք է պատասխան տան, սակայն մենք չենք որոշելու վրաց ժողովրդի փոխարեն։ Սաակաշվիլու ճակատագիրը վրաց ժողովրդի և իր ձեռքում է։ Մեր խնդիրն է կարգավորել իրավիճակը, իսկ հետո վրաց ժողովուրդը թող ինքը պարզի իր հարաբերություններն իր առաջնորդների հետ, որոնց ընտրում է»։
Բ. Մալախովը նաև նշել է. «Քանի դեռ վրացական կողմը շարունակում է ռազմական գործողությունները, Ռուսաստանը պատրաստ չէ քննարկելու հրադադարի որևէ առաջարկություն։ Մեր պայմանները մնում են նույնը»։ Առայժմ պարզ չէ, թե Ռուսաստանը վերջնական ինչ պատասխան է տվել Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների և ԵԱՀԿ մշտական նախագահողի ներկայացուցիչ Ալեքսանդր Ստաբբի ջանքերով ձևավորված և վրացական կողմից ստորագրված հրադադարի նախագծին։ Ռուսաստանի արտգործնախարարության՝ իր անունը բացահայտել չցանկացող աղբյուրը ԱՊՆ գործակալությանը տեղեկացրել է, թե համաձայնագրի նախագիծը, ամենայն հավանականությամբ, կմերժվի ռուսական կողմից։ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է. «Մենք բազմաթիվ անգամներ զգուշացրել ենք մեր արևմտյան գործընկերներին, որ վրացական կողմը նախապատրաստվում է ագրեսիայի և հնացած հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու։ Մեզ ոչ ոք չէր լսում, ահա և արդյունքը։ Մենք, իհարկե, ամեն ինչ անելու ենք մեր խաղաղապահ առաքելությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար»։
Պատրաստեց Մ. ՈՍԿԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5640

Մեկնաբանություններ